MEF Menu
Middle East ForumDonateSupport MEF
Միդլ Իսթ Ֆորում · Middle East Forum
Observer

Կարո՞ղ է MINURSO-ի փակումը նախադեպ դառնալ UNRWA-ի լուծարման համար

ՄԱԿ-ի երկու գործակալություններն էլ ավելին են արել փախստականներին վնասելու և հակամարտությունը կենդանի պահելու, քան օգնելու և այն կարգավորելու համար։

Մայքլ Ռուբինը մասնագիտացած է Իրանի, Թուրքիայի և Աֆրիկայի եղջյուրի հարցերում։ Նրա կարիերան ներառում է աշխատանք Պենտագոնում՝ որպես պաշտոնյա, դաշտային փորձառություն Իրանում, Եմենում և Իրաքում, ինչպես նաև շփումներ «Թալիբանի» հետ մինչև սեպտեմբերի 11-ը։ Պարոն Ռուբինը ներդրում է ունեցել նաև ռազմական կրթության ոլորտում՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի և ծովային հետևակի ստորաբաժանումներին դասավանդելով տարածաշրջանային հակամարտությունների և ահաբեկչության մասին։ Նրա գիտական աշխատանքները ներառում են մի շարք կարևոր հրապարակումներ, այդ թվում՝ “Dancing with the Devil” («Պարելով սատանայի հետ») և “Eternal Iran” («Հավերժական Իրան»)։ Ռուբինը Յեյլի համալսարանում ստացել է պատմության դոկտորի և մագիստրոսի աստիճաններ, ինչպես նաև կենսաբանության բակալավրի աստիճան։

A Palestinian outside the Gaza headquarters for United Nations Relief and Works Agency (UNRWA) in June 2023.
Պաղեստինցին ՄԱԿ-ի Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) Գազայի կենտրոնակայանի մոտ, 2023 թվականի հունիս։ · Shutterstock

2026 թվականի նոյեմբերի 1-ին Արևմտյան Սահարայում հանրաքվեի անցկացման ՄԱԿ-ի առաքելությունը (MINURSO) դադարեցրեց գործունեությունը՝ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չերկարաձգեց դրա մանդատը։ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարեց, որ ցանկանում է «ճանաչել այն կենտրոնական դերը, որ MINURSO-ն խաղացել է 1991 թվականին իր հիմնադրումից ի վեր՝ օգնելով վերահսկել հրադադարը և ստեղծել քաղաքական լուծման որոնմանը նպաստող պայմաններ»։

Գուտերեշն անկեղծ չէ։ MINURSO-ի հիմնական առաքելությունը հանրաքվե անցկացնելն էր՝ պարզելու, թե նախկին Իսպանական Սահարայի սահրավիներն ինչ կարգավիճակ են ցանկանում։ Անցած 35 տարում MINURSO-ն արժեցել է 1,76 մլրդ դոլար, սակայն չի կարողացել նույնիսկ նախապատրաստել այն քվեարկությունը, որը պետք է պարզ ընթացակարգ լիներ։ Այո՛, Ալժիրը, որը Պոլիսարիո ճակատն օգտագործում էր որպես մահակ Մարոկկոյի դեմ, ձգտում էր պղտորել հանրաքվեի գործընթացը՝ ներգրավելով նրանց, ովքեր երբեք չէին ապրել Արևմտյան Սահարայում, և նույնիսկ շատերի, ովքեր սահրավի չէին։

1999 թվականին Իսպանիան իր նախկին գաղութային ֆորպոստում հաշվառել էր 70 000-ից մի փոքր ավելի բնակիչ։ Սա նշանակում է, որ եթե MINURSO-ն պարզապես համամասնորեն բաշխեր իր վարչական ծախսերը, ապա յուրաքանչյուր սահրավիի բաժին կընկներ ավելի քան 50 000 դոլար՝ ավելի քան հինգ անգամ գերազանցելով տարածաշրջանի մեկ շնչին ընկնող տարեկան եկամուտը։ Ճգնաժամից շահող կողմերը պարբերաբար ուռճացնում էին թվերը։ Օրինակ՝ ալժիրյան բանակը ուռճացնում էր Տինդուֆի ճամբարներում գտնվող սահրավի փախստականների թվաքանակը, ապա յուրացնում էր ճամբարներ ուղարկվող օգնությունը՝ իր շահի համար։

Այն պնդումը, թե MINURSO-ն որևէ բան է արել քաղաքական լուծմանը նպաստելու համար, անհեթեթություն է։ Արևմտյան Սահարա կատարած բազմաթիվ ուղևորությունների ընթացքում MINURSO-ի անդամներին գտնելու ամենակ ակնառու վայրերը բարերն ու ռեստորաններն էին, որտեղ նրանք ապրում էին՝ իրենց կենսամակարդակից բարձր, համեմատած Պակիստանում, Բանգլադեշում և Նիգերիայում ունեցածի հետ։ Իրոք, և՛ MINURSO-ն, և՛ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) խիստ հիասթափեցրին փախստականներին։ MINURSO-ն սահրավիների ներկայացուցչությունը թողեց Պոլիսարիո ճակատին՝ Սառը պատերազմի ժամանակներից մնացած վստահված խմբավորմանը, որը իրեն հռչակել էր Սահարայի արաբական ժողովրդավարական հանրապետության ղեկավարություն։

Պոլիսարիոն ինքնակալ էր և իր ճամբարները ղեկավարում էր երկաթե բռունցքով։ Ալժիրը հազիվ թե ազատ երկիր է, բայց Ալժիրից Պոլիսարիոյի ճամբարներ տեղափոխվելը նման էր Չինաստանից Հյուսիսային Կորեա սահմանը հատելուն։ UNHCR-ը ճամբարը չէր ղեկավարում, սակայն Տինդուֆից Լաայուն չվերթեր էր իրականացնում՝ իր Վստահության ամրապնդման միջոցառումների (CBM) ծրագրի շրջանակում։ Ցավոք, UNHCR-ը թույլ էր տալիս, որ Պոլիսարիոն կիրառի ընտանիքների բաժանման քաղաքականություն։ Մտահոգված լինելով Մարոկկո փախչելու դեպքերով՝ Պոլիսարիոն պարտադրում էր, որ վաղուց կորցրած հարազատներին հանդիպելու համար չվերթից օգտվողները ամուսիններին, երեխաներին կամ ծնողներին թողնեն որպես պատանդ։

Ինչպես Սառը պատերազմի ժամանակաշրջանի փախուստները գրեթե բացառապես ընթանում էին մեկ ուղղությամբ՝ Արևելյան բլոկից դեպի Արևմուտք, այնպես էլ սահրավիների փախուստները գրեթե ամբողջությամբ շարժվել են մեկ ուղղությամբ՝ Ալժիրից դեպի Մարոկկո։ Պատճառը պարզ է՝ Արևմտյան Սահարայում Մարոկկոյի հովանավորությունը բարյացակամ է, իսկ տեղական ինքնավարությանն ուղղված նրա հանձնառությունը սահրավիներին տալիս է քաղաքական և մշակութային ազատություն։ Մարոկկոյի կառավարությունը Սահարայի տարածաշրջանում մեկ շնչի հաշվով դպրոցների և սոցիալական ծառայությունների վրա ավելի շատ է ծախսում, քան Թագավորության որևէ այլ վայրում։

Հիմա հարցն այն է, թե ինչպես լուծարել Տինդուֆի փախստականների ճամբարները։ Ալժիրը հուսահատորեն ուզում է, որ դրանք պահպանվեն՝ նույն քաղաքական նկատառումներով, որոնց հիման վրա պաղեստինյան զինյալները պահանջում են, որ ՄԱԿ-ի Պաղեստինցի փախստականներին օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA) շարունակի գործունեությունը՝ այն բանից 75 տարի անց, երբ իր իսկ ղեկավարները խորհուրդ էին տվել դադարեցնել դրա առաքելությունը։

Սա սահրավի փախստականներին թողնում է անորոշության մեջ։ Թեև UNHCR-ը ենթադրում է 173 600 փախստական՝ հավանաբար ուռճացված թիվ, որն ավելի շատ պայմանավորված է Պոլիսարիոյի և ալժիրյան բանակի չափազանցություններով, քան որևէ իրական հաշվարկով, հարցն այն է՝ Տինդուֆի ճամբարների բնակիչներն ավելի շատ փախստականնե՞ր են, թե՞ պատանդներ, և, հետևաբար, թե որքանով է շարունակվող ֆինանսավորումը պարզապես ամրապնդում և պարգևատրում Պոլիսարիոյի պատանդառուներին։ Այստեղ կան հստակ զուգահեռներ այն բանի հետ, թե ինչպես էր ՀԱՄԱՍ-ը UNRWA-ն օգտագործում՝ քաղաքական նպատակներով փախստականներին որպես պատանդ դիտարկելու համար։

UNHCR-ը, սակայն, UNRWA չէ։ Այն ունի հետևողական աշխատանքի պատմություն՝ հատկապես Իրաքի նախկին նախագահ Բարհամ Սալիհի հովանավորության ներքո, լինելով շատ ավելի խնայող և իր առաքելությանը հավատարիմ։ Այն վստահ քայլերով գնում է դեպի իր նպատակը՝ մինչև 2035 թվականը փախստականների ցուցակները 50 տոկոսով կրճատելու ուղղությամբ։ Ի տարբերություն UNRWA-ի՝ UNHCR-ը քաղաքական դիրքավորում չի անում և դիվանագիտական խաղեր չի խաղում։ Ճամբարները փակելու համար անհրաժեշտ անցումային թվերի վերաբերյալ նրա գնահատականներն էլ տրամաբանական են. այն խնդրում է մոտավորապես մեկ միլիոն դոլար՝ շարունակելու, ապա աստիճանաբար կրճատելու կրթությունը, սանիտարական աջակցությունը, սննդարարության ապահովումը, պաշտպանությունն ու առողջապահությունը։ Սահուն անցումն ապահովում է, որ տեղական կարողությունները չկորչեն այլ վայր տեղափոխվելու խելահեղ իրարանցման մեջ։

UNHCR-ը ճիշտ է վարվում՝ պլանավորելով թափանցիկ անցում։ Թեև Թրամփի վարչակազմը շարունակում է կասկածանքով վերաբերվել ՄԱԿ-ի գործակալություններին, MINURSO-ի և սահրավիների ճամբարների փակումը հստակ օրինակ է, թե ինչպես ԱՄՆ կառավարության համագործակցությունն ու համեստ ներդրումը կարող են զսպել անկայունությունը կամ ընդամենը մի քանի ամսից շատ ավելի մեծ ծավալով արտակարգ ռեսուրսներ հայթայթելու անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ, նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից ՄԱԿ-ին ավելորդ կամ անարդյունավետ առաքելություններ փակելու հարցում օգնելը նպաստում է ՄԱԿ-ի գործառնությունները կրճատելու և բյուջեները վերաուղղորդելու նպատակին՝ այնտեղ, որտեղ դրանք առավել անհրաժեշտ են։ Մյուս կողմից, UNHCR-ի անցումային ծրագրերում ներդրում չանելը կարող է ավելի շատ պահանջների պատճառ դառնալ և նվազեցնել ավելի սուր ու հանկարծակի փախստականների ճգնաժամերի համար հասանելի ֆինանսավորումը, երբ դրանք ծագեն։

Սակայն ավելի կարևորն այն է, որ MINURSO-ի սահուն, համակարգված փակման ցուցադրումը կարող է նախադեպ ստեղծել UNRWA-ի լուծարման համար, որը, ինչպես MINURSO-ն, ավելի շատ է արել փախստականներին վնասելու և հակամարտությունը կենդանի պահելու համար, քան օգնելու ու այն կարգավորելու։ Թեև Թրամփը ստեղծել է Գազայի խաղաղության խորհուրդ, հակաթրամփյան տրամադրությունները, ամենայն հավանականությամբ, նշանակում են դրա փլուզումը Թրամփի պաշտոնավարման ավարտից հետո։ Թրամփի հանդեպ հակակրանքը, սակայն, չի սպիտակեցնում UNRWA-ի ներքին կոռուպցիան, նրա ներկայացրած բարոյական վտանգը կամ բարեփոխվելու նրա ձախողումը։

Եթե Թրամփի վարչակազմը ֆինանսավորի UNHCR-ի՝ սահրավիների ճամբարների դադարեցման ծրագիրը, ապա Միացյալ Նահանգները միգուցե կարողանա միջազգային հարթակներում ավելի համոզիչ փաստարկել, որ հնարավոր է լուծարել UNRWA-ն՝ առանց իրական փախստականներին վնասելու, և նույնիսկ հնարավորություն տա UNHCR-ին ստանձնելու պաղեստինյան գործը՝ ՄԱԿ-ի կողմից կառուցվածքների պարզեցման և բարեփոխման ընթացքում։

Կարդալ անգլերեն բնագիրը: Could MINURSO’s Closure Set Precedent for End of the UNRWA?

Ստացեք Միդլ Իսթ Ֆորումի վերլուծությունները էլեկտրոնային փոստով՝ բաժանորդագրվեք տեղեկագրին (անգլերեն)