Թուրքիայի սպառնալիքները և Ֆրանսիայի ներգրավվածությունը Great Sea Interconnector-ում վտանգավոր նախադեպ են ստեղծում
Թուրքիան դեմ է արտահայտվում այն գործողություններին, որոնք, իր կարծիքով, խախտում են իր շահերը և հակասում են իր «Կապույտ հայրենիք» դոկտրինին։
Քրիստոս Կոնստանտինիդիսը լրագրող է, Geopolitico.gr-ի գլխավոր խմբագիր, PontosVoice.com-ի համասեփականատեր և Ռազմավարության միջազգային ինստիտուտի (International Institute of Strategy) անդամ։

Great Sea Interconnector-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ Հունաստանի և Կիպրոսի միջև էլեկտրաէներգետիկ կապի նախագիծը, վերածվել է դիվանագիտական թրիլերի։ Առճակատումը սկսվել է 2024 թվականի հուլիսին, երբ իտալական Ievoli Relume հետազոտական նավը ծովի հատակի ուսումնասիրություններ էր իրականացնում Կասոսից հարավ։ Անկարան հինգ ռազմանավ ուղարկեց և վիճարկեց Հունաստանի իրավազորությունը՝ փորձելով ի կատար ածել Լիբիայի հետ Թուրքիայի ապօրինի ծովային համաձայնագիրը։ Աթենքը պնդում էր, որ նախատեսված աշխատանքներն արդեն ավարտվել են, մինչդեռ Անկարան հայտարարում էր, թե ուսումնասիրություններն իրականացվել են իր հետ համաձայնեցված։
Արձագանքները լրացուցիչ ճնշում գործադրեցին կառավարության վրա։ Նույնիսկ Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միցոտակիսի նախկին խորհրդականը երկու տարի անց ընդունեց, որ ինքնիշխան իրավունքների իրականացման հարցում բացասական նախադեպ է ստեղծվել։ Ծրագիրը 2025 թվականին բախվեց ուշացումների, որոնք վերագրվում էին ֆինանսական, կարգավորիչ և աշխարհաքաղաքական խնդիրներին, սակայն դրանց բոլորի վրա շարունակում էր ծանրանալ Թուրքիայի գործոնը։
Հունաստանը որոշեց առաջ շարժվել՝ Ֆրանսիային ներգրավելով՝ Անկարայի ստեղծած խոչընդոտները հաղթահարելու համար։ Այսպես՝ 2026 թվականի օգոստոսի 5-ին ֆրանսիական Meridiam ընկերությունը համաձայնեց Հունաստանի էլեկտրաէներգիայի փոխանցման անկախ օպերատորից ձեռք բերել Great Sea Interconnector-ի բաժնետոմսերի 66 տոկոսը, ինչի ֆոնին Թուրքիան հնչեցրեց ռազմական հակամարտության սպառնալիքներ։ Նոյեմբերի 6-ին Հունաստանը հրապարակեց նավագնացային հեռագիր (NAVTEX)՝ հայտնելով, որ ֆրանսիական Abeille Marengo նավը նոր ուսումնասիրություններ է իրականացնելու։
Սակայն նոյեմբերի 5-ին՝ նավի մեկնումից հինգ օր առաջ, Ֆրանսիան Թուրքիային ուղարկեց բանավոր նոտա՝ տեղեկացնելով նախատեսվող գործողությունների մասին։ Անկարան, սակայն, պնդում էր, թե ինքն է թույլտվություն տվել՝ փորձելով ներկայանալ որպես ուսումնասիրությունները հաստատելու իրավասություն ունեցող մարմին։ Աթենքը մերժեց այս պնդումը՝ շեշտելով, որ միայն Հունաստանն ու Կիպրոսն ունեն թույլտվություններ տրամադրելու իրավասություն, և փաստարկելով, որ «ծանուցում» եզրույթը «թույլտվությունից» այլ իմաստ ունի։
«Թուրքիան փորձում է անուղղակի միջոցներով հասնել իրավաբանորեն առոչինչ թուրք-լիբիական հուշագրի մի տեսակ օրինականացման և միջազգային ճանաչման։ Եվ այժմ նա կօգտագործի ֆրանսիական նախաձեռնությունը՝ կատարված փաստեր ստեղծելու համար»,- զգուշացրեց Պրոկոպիս Պավլոպուլոսը (Prokopis Pavlopoulos), ով 2015-2020 թվականներին եղել է Հունաստանի Հանրապետության նախագահը։
Պաշտոնաթող դեսպան Դիմիտրիս Կարաիտիդիսի (Dimitris Karaitidis) կարծիքով՝ հաղորդակցությունը «ծանուցում», այլ ոչ թե «թույլտվության հայցում» անվանելը «մոլորեցնող» էր։ «Թուրքիան դիտավորյալ մեկնաբանում է դա որպես իր պարտադրել փորձած ապօրինի իրավունքների անուղղակի ճանաչում»,- ասաց Կարաիտիդիսը, որը եղել է Հունաստանի վարչապետ Կոստաս Սիմիտիսի նախկին խորհրդականը։
Եվրոպական իրավունքի մասնագետ Գիորգոս Անթրակեֆսը (Giorgos Anthrakefs) Աթենքին և Փարիզին մեղադրեց իրավունքը խեղաթյուրելու մեջ։ «Միավորված ազգերի կազմակերպության՝ ծովային իրավունքի մասին 1982 թվականի կոնվենցիայի 79-րդ հոդվածը սահմանում է ստորջրյա մալուխների անցկացումը կարգավորող դրույթները։ Այն որևէ երկրի որևէ տեսակի ծանուցում չի պահանջում։ Հունաստանն ու Ֆրանսիան խախտեցին, խեղաթյուրեցին և փոփոխեցին այս դրույթը՝ ստեղծելով վտանգավոր նախադեպ, որը կարող է թույլ տալ այլ երկրների գործնականում խախտել, խեղաթյուրել և փոփոխել դրա կիրառումը»,- ասաց նա։
Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարի հայտարարությունները հաստատում են հույն վերլուծաբանների և քաղաքական գործիչների անհանգստությունը։ Ծովակալ Էրջյումենթ Թաթլըօղլուն (Ercüment Tatlıoğlu) շարադրում է Թուրքիայի ռազմավարական դիրքորոշումները և արտահայտում Անկարայի դեմ լինելն այն գործողություններին, որոնք, իր կարծիքով, խախտում են իր շահերն Արևելյան Միջերկրականում և հակասում են այսպես կոչված «Կապույտ հայրենիք»՝ ռևիզիոնիստական դոկտրինին, որը հռչակել է Էրդողանի կառավարությունը։
«Ըստ էության, Անկարան ուզում է, որ իր ինքնիշխան իրավունքներն այս կերպ ճանաչվեն։ Great Sea Interconnector-ի հետ կատարվածից հետո մենք Էգեյան ծովում ոչինչ չենք կարողանա անել առանց նրա հավանության։ Նա ուզում է NAVTEX-ներ հրապարակել, դրանք ավելացնել իր գործին և վկայակոչել, եթե հարցը հասնի միջազգային դատարան»,- ասաց Հունաստանի ազգային հետախուզական ծառայության նախկին սպա Սավվաս Կալենտերիդիսը (Savvas Kalenteridis)։ Մինչ այժմ Թուրքիային հաջողվել է դրան հասնել տասը դեպքում, որոնցից վերջինը վերաբերում էր Kobi Ruegg հետազոտական նավին, որի շահագործման համար գերմանացիները խնդրել էին Թուրքիայի համաձայնությունը։
Սա, ուրեմն, վտանգավոր նախադեպ է ստեղծում, որն ազդում է ոչ միայն Հունաստանի և Կիպրոսի վրա։ Երբ Հունաստանը Ֆրանսիայի միջոցով սկսում է նման ծանուցումներ ուղարկել, ներդրվում է մի գործելակերպ, որը ծովային իրավունքով նախատեսված չէ, մինչդեռ այն նաև եվրոպական իրավունքի մաս է։ Ինչ-որ իմաստով, թեև Թուրքիայի ծովային հավակնություններն արտառոց են և ապօրինի, հունական և ավելի լայն՝ եվրոպական զիջողականությունը վտանգում է դրանք փաստացի իրականություն դարձնել։
Ստացեք Միդլ Իսթ Ֆորումի վերլուծությունները էլեկտրոնային փոստով՝ բաժանորդագրվեք տեղեկագրին (անգլերեն)