Մահմեդական առաջնորդները ISNA-ի համաժողովում գովերգում են Մամդանիին և Էլ-Սայեդին
Ելույթ ունեցողները «ցեղասպանության» և «իսլամաֆոբիայի» մեղադրանքներ են հնչեցնում՝ իրենց ընտրազանգվածը ոտքի հանելու համար։

Ամերիկայի՝ մահմեդականների շահերի պաշտպանության և քաղաքացիական ներգրավվածության ամենաազդեցիկ կազմակերպություններից մի քանիսի ղեկավարներ Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում Աշխատանքի օրվա հանգստյան օրերին անցկացված Հյուսիսային Ամերիկայի իսլամական ընկերակցության (ISNA) 63-րդ ամենամյա համաժողովի շրջանակում կազմակերպված քննարկումներից մեկը օգտագործել են՝ իրենց համայնքին ավելի խոր քաղաքական մոբիլիզացիայի մղելու համար։ Նրանք բազմիցս որպես մահմեդականների քաղաքական վերելքի օրինաչափ օրինակ մատնանշել են Նյու Յորքի Զոհրան Մամդանիին և Միչիգանի Աբդուլ Էլ-Սայեդին։
«Խոցելիության ձայնը՝ քաղաքացիական ներկայության միջոցով» («Voicing Vulnerability Through Civic Presence») վերնագրով նիստին մասնակցել են Մահմեդականների հանրային հարցերի խորհրդի (MPAC) նախագահ և համահիմնադիր Սալամ ալ-Մարայաթին (Salam al-Marayati), Emgage USA-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մոհամեդ Գուլան (Mohamed Gula), Ամերիկյան-իսլամական հարաբերությունների խորհրդի (CAIR) Լոս Անջելեսի մասնաճյուղի գործադիր տնօրեն Հուսամ Այլուշը (Hussam Ayloush), Տեխասում գործող ISRA հիմնադրամի դեկան և տնօրեն մուֆթի Վասիմ Խանը (Wasim Khan), ինչպես նաև իսլամաֆոբիայի դեմ պայքարի հարցերով Կանադայի նախկին հատուկ ներկայացուցիչ Ամիրա Էլղավաբին (Amira Elghawaby)։
ISNA-ի ինստիտուցիոնալ խնդրահարույց անցյալը հարցեր է ծնում, թե ինչով է պայմանավորված պանելում հնչած՝ քաղաքական վերելքի կոչը։ Կազմակերպությունն ինքը հիշատակվում է «Մուսուլման եղբայրների» 1991 թվականի ռազմավարական հուշագրում, որը ՀԴԲ-ն առգրավել է 2004 թվականին, իսկ ավելի ուշ ներկայացվել է որպես ապացույց Holy Land Foundation-ի՝ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ 2007 թվականի դատավարությունում․ փաստաթուղթը խմբի հյուսիսամերիկյան նախագիծը բնութագրում է որպես «քաղաքակրթական-ջիհադիստական գործընթաց», որի նպատակը «ներսից» գործելն է՝ արևմտյան ինստիտուտները խարխլելու համար, իսկ «մեր բարեկամների կազմակերպությունների» ցանկում առաջինը նշված է ISNA-ն։ 1980-ականների վերջի՝ գաղտնազերծված ՀԴԲ հուշագրերում ևս արձանագրվել է, որ «Մուսուլման եղբայրների» հետ կապված գործիչները ISNA-ում և դրա մայր կառույցում՝ North American Islamic Trust-ում, հասել էին «ղեկավար դերերի», ինչը նրանց հնարավորություն էր տալիս ուղղորդել ԱՄՆ-ի ամբողջ տարածքում մահմեդականների գործունեությունը։ ISNA-ն հերքել է նման բնութագրումները՝ պնդելով, թե այդ պնդումները «մեղավորություն՝ կապերի հիման վրա» մոտեցման դրսևորում են։
Քննարկումը վարում էր Միչիգանում բնակվող բժիշկ Մուզամիլ Ահմեդը (Muzammil Ahmed), որը հենց սկզբից հակադրական տոն սահմանեց։ Նիստը, նրա խոսքով, պետք է անդրադառնար «այս համայնքում մեր քաղաքացիական ներգրավվածությունն ու մեր քաղաքացիական հզորությունը բարելավելու ռազմավարություններին» և «մեզ հետ պահող որոշ մարդկանց կանխելու եղանակներին»։
Հաջորդ մեկ ժամը կառուցված էր երկու պարբերաբար կրկնվող պնդման շուրջ՝ Գազայում տեղի ունեցող «ցեղասպանություն», որը ֆինանսավորվում է ամերիկացի հարկատուների գումարներով, և պատմական առավելագույնի հասած «իսլամաֆոբիա», որը, ըստ նրանց, 9/11-ից հետո եղածից շատ ավելի վատ է։ Երկու պնդումներն էլ ներկայացվում էին որպես ապացույց, որ ներկաները այլ ընտրություն չունեն, քան մոբիլիզանալն ու հակահարված տալը։
Գուլան ելույթը սկսեց՝ մահմեդականների վերջին երկու տարվա ընտրական ակտիվությունը բնութագրելով որպես «զարմանահրաշ սխրանքներ» և թվարկելով համայնքի ազդեցությունը 2024 թվականի նախագահական ընտրարշավի «Abandon Biden» և «Uncommitted» արշավների միջոցով։ Որպես ապացույց նա մատնանշեց այդ տարվա Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում պաղեստինցիների մարդու իրավունքներին նվիրված առաջին պաշտոնական պանելային քննարկումը և նույն համագումարում ելույթ ունեցած հինգ՝ անունները չնշված աֆրոամերիկացի մահմեդականների։ Չնշելով անուններ՝ նա նաև հիշատակեց Բաչ Ուերի (Butch Ware) և Մելինա Աբդուլլահի (Melina Abdullah)՝ Կանաչների կուսակցության և անկախ թեկնածուների փոխնախագահի թեկնածուների մահմեդական ինքնությունը՝ որպես ամերիկյան ընտրական քաղաքականությունում համայնքի արագ աճող ազդեցության ապացույց։
«Այն, թե ինչպես ենք մենք սահմանում հաջողությունը, պարտադիր չէ, որ կապված լինի այն բանի հետ, թե արդյոք մենք հաղթում ենք ընտրություններում,- ասաց նա։- Հաջողությունը մենք սահմանում ենք որպես այն ազդեցությունը, որ կարողանում ենք թողնել այն հիմնաքարերի վրա, որոնց վրա կառուցում ենք»։
Այնուհետև նա խոսեց Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի մասին, որը, նրա պնդմամբ, 2024 թվականի դեկտեմբերին «ընդամենը մոտ մեկ տոկոս» ուներ հարցումներում, սակայն 2025 թվականի նոյեմբերին հաղթեց քաղաքապետական ընտրություններում։ «Ասում էին՝ նա չի կարողանա, բայց նա արեց դա»,- ասաց Գուլան՝ հավելելով, որ մահմեդական երեխաները «տեսնում էին մեկին, ով նման է իրենց և խոսում է իրենց պես»։ Նրա խոսքով՝ Էլ-Սայեդի՝ 2018 թվականի նահանգապետական անհաջող քարոզարշավը հիմք դրեց թեկնածուների և ընտրարշավների կազմակերպիչների մի սերնդի ձևավորմանը։
Նոյեմբերին սպասվող միջանկյալ ընտրություններին անուղղակի հղում անելով՝ նա խոսքն ավարտեց հետևյալ կերպ․ «Դա չափազանց կարևոր է, որովհետև 2026 թվական մտնելիս մենք արդեն հաղթել ենք այնքան շատ մրցապայքարներում և այնքան մեծ ազդեցություն ենք ստեղծել, որ մեր պատումն օգտագործվում է որպես ռազմավարություն՝ մեր դեմ։ Մենք դեռ առաջնագծում ենք։ Այդ ազդեցությունն այն հզորությունն է, որը մենք կառուցում ենք»։
CAIR-ի Լոս Անջելեսի մասնաճյուղի ղեկավար Այլուշը Մամդանիի հաղթանակը բնութագրեց որպես «գեղեցիկ թափ» և բազմիցս հորդորեց ներկաներին քաղաքացիական ներգրավվածությունը դարձնել մահմեդական համայնքի «մշակույթի մաս»՝ «Շարունակեք քվեարկել։ Շարունակեք առաջադրվել պաշտոնների համար։ Շարունակեք աջակցել օրինագծերին։ Շարունակեք կոալիցիաներ կառուցել»։ Քաղաքացիական ներգրավվածությունը ներկայացնելով որպես կրոնական պարտավորություն՝ նա ասաց․ «Սա հրաման է, մանդատ։ Դուք արգելում եք չարիքը և հավատում եք Ալլահին։ Դուք անում եք դա անշահախնդիր՝ Ալլահին ծառայելու համար։ Այսինքն՝ մենք ումմա ենք (մահմեդականների համաշխարհային հանրույթ)՝ նպատակ ունեցող։ Մեզ պետք չէ զարգացնել, մտածել, նպատակ հորինել։ Այդ նպատակը տրված է մեզ, մեր հավատի միջոցով Ալլահի կողմից մեզ պարտադրված»։
Այլուշը նաև կոչ արեց ներկաներին մշտապես դիմել իրենց իմամներին ու մզկիթների խորհուրդներին, մինչև ընտրական մասնակցությունը դառնա կրոնական կյանքի անբաժան բաղադրիչ՝ զգուշացնելով, որ «քվեարկությունը սկիզբն է, ոչ թե վերջը»։ Նա պնդեց, որ ամերիկյան հասարակական կարծիքը վճռականորեն շրջվել է Իսրայելի դեմ՝ նշելով, որ Իսրայելին աջակցող լոբբիստական խմբի՝ Ամերիկա-իսրայելական հանրային հարաբերությունների կոմիտեի (AIPAC) հետ կապը թեկնածուների համար այժմ դարձել է ընտրական բեռ։
Մուֆթի Խանը կոչ արեց ISNA-ի նման կազմակերպություններին ամերիկյան քաղաքներում աշխատանքի ընդունել և ֆինանսավորել իմամների՝ ընտրված պաշտոնյաների հետ հարաբերություններ կառուցելու համար։
Ինչպես սեպտեմբերի 11-ն ազդեց մահմեդականների քաղաքական նկրտումների վրա
Ալ-Մարայաթին պնդեց, որ մահմեդականները պետք է լինեն «սեղանի շուրջ», այլ ոչ թե «սեղանից փշրանքներ ստանան և շնորհակալություն հայտնեն»։ Նա 9/11-ը ներկայացրեց անձնական դրվագով՝ պատմելով, որ քայլում էր դեպի Սպիտակ տանը նախատեսված հանդիպում, որի ժամանակ ակնկալվում էր, որ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը իր վարչակազմում մահմեդականի կնշանակի, երբ տեղեկացավ, որ առաջին ինքնաթիռը բախվել է Հյուսիսային աշտարակին։
Նրա պատմության մեջ ոչ մի տեղ չհնչեցին ո՛չ «ահաբեկչություն», ո՛չ «ահաբեկիչ» բառերը։ Նա նկարագրեց, թե ինչպես է տեսել, որ «երկրորդ ինքնաթիռը բախվեց երկրորդ աշտարակին», և անմիջապես անցավ այն բանին, թե քաղաքականապես ինչ արժեցավ ողբերգությունն իր համայնքին։ «Այդ պահին ամեն ինչ փլուզվել էր,- ասաց նա։- Աշտարակները փլուզվել էին։ Ամերիկան փլուզվում էր։ Մեր անմեղությունը փլուզվել էր։ Մեր քաղաքական հզորությունը փլուզվեց»։
Նախագահի հետ հանդիպումը, ինչպես նա բացատրեց, նպատակ էր Ամերիկացի մահմեդականների քաղաքական համակարգող խորհրդի համար, որը մահմեդական շահերի պաշտպանության խմբերի դաշինք է և առաջ էր մղում «մահմեդական ներկայացվածություն՝ սկսած Սպիտակ տնից» գաղափարը, ինչին նախագահ Բուշը «համաձայնել էր»։ «Իհարկե, դա տեղի չունեցավ, բայց դա ծրագրի մասն է»,- ընդունեց նա։
Էլղավաբին իր խոսքն ավարտեց զգուշացմամբ․ «Եթե մենք չմասնակցենք, ուրիշներն են լրացնելու այդ դատարկությունը»։
Ստացեք Միդլ Իսթ Ֆորումի վերլուծությունները էլեկտրոնային փոստով՝ բաժանորդագրվեք տեղեկագրին (անգլերեն)